Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում, անցած տարվա նոյեմբերին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով նախաքննությունը մինչեւ մարտի վերջ կավարտվի: Այս մասին NEWS.am-ին ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

«Նշանակված փորձաքննության պատասխանը մարտի 6-ին ստացել ենք, այսինքն հայտնի է վթարի մեղավորը: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համադրությամբ առաջիկայում որոշում կկայացվի կամ միայն բեռնատարի վարորդի գործն ուղարկել դատարան, կամ այլ մարդու եւս մեղադրանք առաջադրել»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Նրա խոսքով՝ այժմ ուսումնասիրվում է փորձաքննության եզրակացությունը՝ պարզելու համար արդյոք առկա է երկուստեք խախտում, թե միայն բեռնատարի կամ «Գազել»-ի վարորդն է մեղավոր:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2014թ. նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է: