Եվրոպան դեռեւս պատրաստ չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը։ Այս մասին New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոլանդ Տուսկը։

Նրա խոսքով՝ հիմա անհնար է այդ հարցի շուրջ համաձայնության գալ ԵՄ անդամ երկրների հետ։ Տուսկը նշել է, որ Եվրոպայում որոշ քաղաքական գործիչներ դեռեւս հույս ունեն, որ Ռուսաստանը կփոխի իր քաղաքականությունը Ուկրաինայի հարցում։ Սակայն Եվրախորհրդի ղեկավարը նշել է, որ ինքն ավելի թերահավատորեն է տրամադրված այդ հարցում։

Տուսկի խոսքով՝ իր գործունեության առանձնահատկությունների պատճառով ԵՄ-ն չի կարող Ռուսաստանի  հարցով արագ որոշումներ կայացնել, ինչպես ցանկանում է Վաշինգտոնը։ «28 ժողովրդավար երկրների հետ փոխհամաձայնության գալը շատ բարդ գործընթաց է»,- նշել է Տուսկը՝ հավելելով, որ Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրերը ճիշտ է չեն հանգեցրել հակամարտության ամբողջական լուծմանը, սակայն այնուամենայնիվ բարելավել են իրավիճակը։

Նշենք, որ երկուշաբթի Տուսկը Վաշինգտոնում բանակցություններ է վարելու ԱՄՆ նախագահ  Բարաք Օբամայի հետ, որոնց ընթացքում կողմերը կանդրադառնան նաեւ Ուկրաինայի խնդրին։