Եվրոպական ժողովրդական կուսակցությունն այսօր Եվրոպայում ազդեցիկ քաղաքական ուժ է համարվում, եւ Հայոց ցեղասպանության մասին նրա ընդունած բանաձեւը բարենպաստ հող է ստեղծում Հայաստանի համար։ Այս մասին մարտի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով ԵԺԿ ընդունած բանաձեւին։

Ըստ պատգամավորի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին մենք Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կարող ենք ակտիվ աշխատանքներ տանել եվրոպական երկրներում։ Անդրադառնալով Անկարայի կողմից ձեռնարկվող հակազդող միջոցառումներին՝ Պողոսյանը նշեց. «Թուրքիան հակազդում է ոչ միայն այն ժամանակ, երբ մենք որևեւէ հաջողություն են գրանցում, այլ ամեն օր իր շահերն առաջ է տանում։ Անկարան կփորձի սրել իրավիճակը, աղվեսի քաղաքականության կդիմի։ Ընդհանուր առմամբ Թուրքիայի քաղաքականությունը  հայ-թուրքական հարաբերություններում հանգում է «ապրիլյան դիվանագիտության»։ Մենք արդեն վարժվել ենք այդ քաղաքականությանը ու բարձրացնենք Հայոց ցեղասպանության հարցը ոչ միայն ապրիլի 24-ին այլ միշտ եւ տարբեր միջազգային հարթակներից եւ այնպես անենք, որ Թուրքիան ամեն օր ստիպված լինի դեմ առ դեմ դուրս գալ հայ քաղաքականությանը»,- ընդգծեց Թեւան Պողոսյանը։ 

Հիշեցնենք, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական խորհրդաժողովը մարտի 3-ին,  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ էր ընդունել, որում ասվում է, որ ԵԺԿ-ն հաստատում է Հայոց ցեղասպանության եւ հայ ժողովրդի բռնի տեղահանման փաստը եւ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ դատապարտում է այդ հանցագործությունը։