ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը միջազգային հանրությանը կոչ է արել կանխել Իրաքում մարդկության պատմության եւ մշակույթի հնագույն  հուշարձանների հետագա ոչնչացումը։

«Գլխավոր քարտուղարը  կոչ է անում միջազգային հանրությանը հնարավորինս շուտ վերջ դնել այդ ահաբեկչական գործողություններին եւ հակազդել մշակութային կոթողների մաքսանենգությանը»,- ասված է գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

ՄԱԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ ասվում է, որ մշակութային հուշարձանների դիտավորյալ ոչնչացումը ռազմական հանցագործություն է, եւ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Նշենք, որ մարտի 8-ին իսլամիստները ոչնչացրել էին Իրաքի Դուր Շարուկին հնագույն քաղաքի ավերակները, որը հիմնադրվել էր մ.թ.ա. 717 թ. Սարգոն 2-րդ թագավորի կողմից։ Մարտի 5-ին «Իսլամական պետության» գրոհայինները ոչնչացրել էին հնագույն ասորական Նեմրութ քաղաքի հուշարձանները։