Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչությունը հաստատել է պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի մահվան լուրը։

«Մարտի 8-ին ժամը 13։20-ին Գյումրի քաղաքի ոստիկանության բաժնից անհայտ տղամարդու դիակի մասին տեղեկություն էր ստացվել։ Նախնական քննչական գործողությունները պարզել են, որ զոհվածը Լենինականի սահմանապահ ջոկատի զինծառայող եֆրեյտոր Աֆյան Ա. Ս-ն է։

Սահմանային վարչության ղեկավարությունը իր ցավակցությունն է հայտնում Աֆյանի ընտանիքին եւ մտերիմներին եւ վստահություն է հայտնում, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները կպարզեն կատարվածի իրական պատճառները»,- ասված է Սահմանային վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 26-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը կորել էր փետրվարի 21-ին։ Նույն օրը Արթուր Աֆյանի կինը՝ Ալվարդ Մկրտչյանը դիմել էր Ոստիկանություն։  Կնոջ հավաստմամբ՝ հայտնել էր, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել իր ամուսնու հետ։ Արթուրը հրաժեշտ էր տվել կնոջը եւ ասել, որ այլեւս չի վերադառնալու։

Ըստ որոշ տեղեկությունների՝ ընտանիքը պարտքեր է ունեցել։ Սակայն Ալվարդ Մկրտչյանը պնդում է, որ ամուսնու անհետանալուց օրեր առաջ իրենք գրավ են դրել թանկարժեք իրերը պարտքերը մարելու համար։ Փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանություն: