«Վերնիսաժի» մոտ անցած տարվա մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ին ասաց ամբաստանյալի փաստաբան Արայիկ Ալվանդյանը:

«Կալանավայրերի վարչությունն իր խոսքը կատարեց եւ երեկ՝ մարտի 9-ին, Վալերիկին տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց, առաջիկայում կվիրահատվի»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ իր պաշտպանյալն այդ վիրահատության կարիքը շատ ուներ:

Նշենք, որ Վալերիկ Հովհաննիսյանին երկրորդ անգամ պետք է վիրահատեն, քանի որ հարազատների խոսքով՝ նրան ամիսներ առաջ կալանավայր են տեղափոխել՝ աղիքը դուրս ընկած վիճակում:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։

Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: