Շիրակի մարզում մեկ օրվա տարբերությամբ մահացած հայտնաբերված Քրիստ Վարդանյանի ու Սամվել Հակոբյանի գործերը միավորվել են եւ քննվելու են մեկ վարույթով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ մարտի 9-ին Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը լրագրողներին հայտնել էր, որ Քրիստ Վարդանյանն ու Սամվել Հակոբյանը մտերիմ ընկերներ են եղել, Վարդանյանի մահվանից մեկ օր առաջ էլ հանդիպել են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզի Ախուրյանի Քեթի գյուղի ձորում մարտի 7-ի առավոտյան հայտնաբերվել է «Նիսան-Տիանա» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ գտնվել է վարորդի՝ 31-ամյա Քրիստ Վարդանյանի դիակը՝ ավտոմեքենայի հետևի նստատեղին: Մեկ օր անց նույն գյուղի մատուռի մոտ հայտնաբերվել է 34-ամյա Սամվել Հակոբյանի՝ «Մոստիկի» դին: Երկու դեպքերի առթիվ էլ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով:




























