ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանում աշխատանքային գործունեություն ծավալող օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունները։ Համապատասխան փաստաթուղթը փետրվարի 27-ին ընդունել էր ՌԴ Պետդուման, իսկ մարտի 4-ին այն հավանության էր արժանացել Դաշնային խորհրդի կողմից։ Փոփոխություններն ուղղված են բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետներին Ռուսաստանում աշխատանքի ընդունելու կարգի կատարելագործմանը։

«Օրենքը նախատեսում է, որ ՌԴ սուբյեկտի բարձրագույն պաշտոնատար անձը, որի տարածքում 2014թ. տրվել է ավելի քան 300 հազար աշխատանքային գործունեության արտոնագիր, իրավունք ունի դիմել միգրացիոն ոլորտի գործադիր իշխանության դաշնային մարմնին՝ 2014թ. տրված արտոնագրերի ժամկետը երկարաձգելու առաջարկով։  Ընդ որում, միգրացիոն ոլորտի գործադիր իշխանության դաշնային մարմնի կողմից դիմումը բավարարվելու դեպքում դրանց վավերականության ընդհանուր ժամկետը կարող է կազմել ավելի քան 12 ամիս», - գրում է ՏԱՍՍ-ը։

Ընդ որում, Ռուսաստանում ժամանակավոր հիմունքներով բնակվող օտարերկրյա քաղաքացու կեցության ժամկետը երկարաձգվում է՝ համապատասխան արտոնագրի վավերականության ժամկետի։  Օտարերկրյա քաղաքացուն բարձր որակավորմամբ մասնագետ ճանաչելու պայման է համարվում գործատուից կամ պատվիրատուից ամսական սահմանված աշխատավարձը (պարգեւատրում)։