Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի գերեվարված քաղաքացի Արսեն Բաղդասարյանի հանդեպ ավելորդ անգամ ապացուցում է նրանց ահաբեկչական եւ ազգայնական էությունը։ Այս մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիդ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Արսեն Բաղդասարյանի դեմ հարուցված շինծու «գործը»։
«Իհարկե, ի տարբերություն նախորդ միջադեպերի, Ադրբեջանի իշխանությունները զգալի առաջընթաց են գրանցել։ Նախկինում գերեվարված հայերին միանգամից սպանում էին»,- հայտարարել է Բաբայանը՝ ընդգծելով, որ Արսեն Բաղդասարյանի դեպքում մենք գործենք ունենք Ադրբեջանի իշխանությունների կողմից տված «պատվերի» հետ։ «Արսենին կտտանքների են ենթարկել, հիմա էլ «դատում» են։ Նրան մեղավոր են ճանաչել մի բանի համար, ինչը նա չի գործել եւ ինչի մասին անգամ չի էլ լսել։ Հետո հերթը կհասնի շորթողական քաղաքականությանը. կսկսեն պահանջել նրան փոխանակել Ղարաբաղում դատապարտված դիվերսանտների հետ։ Դա Ադրբեջանի իշխանությունների վաղուց հայտնի գործելաոճն է»,- արձանագրեց Դավիթ Բաբայանը։
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է լուրջ վերաբերվի կատարվածին։ Նա հիշեցրեց, որ որոշ քաղաքական գործիչներ եւ դիվանագետներ կոչ էին արել մարդասիրական մոտեցում ցուցաբերել եւ Ադրբեջանի քաղաքացիներին վերադարձնել հայրենիք։ «Կարծում եմ, ճիշտ ժամանակն է, որ այդ նույն գործիչները համանման կոչ հղեն Ադրբեջանին»,- նշեց Բաբայանը։
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Բաղդասարյանի դեմ սարքած գործում արցախցի իրավաբանների մասնակցությունը, մամուլի խոսնակը նշեց, որ այդպիսի դատաստաններում փաստաբանի կարիք ընդհանրապես չի լինում։ «Հարցը իհարկե կարող է դրվել քննարկման։ Սակայն ես Ադրբեջանի կազմակերպած ֆարսին մասնակցելու կարիք չեմ տեսնում։ Այդ խեղկատակության կազմակերպիչների համար արդեն «ամեն բան պարզ է»։ Էլ չասած, որ յուրաքանչյուր հայ, հատկապես ԼՂՀ քաղաքացի, հատելով Ադրբեջանի սահմանը, ինքն իր հերթին ռիսկի է դիմում դառնալ հերթական գերին։ Արսեն Բաղդասարյանին 1.5 ամիս թույլ չեն տվել տեսակցել ԿՄՄԿ ներկայացուցիչների հետ, ինչը Միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։ Մենք չգիտենք, թե ինչ կտտանքների են ենթարկել նրան, եւ ինչ հոգեկան վիճակում է գտնվում Արսեն Բաղդասարյանը։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի նրան ազատելու համար»,- նշեց Դավիթ Բաբայանը։





























