Լեւոն Տեր-Պետրոսյանին 1998 թվականին փըշտ արեցին՝ փախավ. դա է Լեւոն Տեր-Պետրոսյանը, իրեն փըշտ են արել, փախել է: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Դիտարկմանը, թե Մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեգնանքով հայտարարել էր, որ մինչեւ ապրիլի 24-ը իրենք իրենց համար արտոնված հանրահավաքները նվիրում են բոլոր ընդդիմադիր ուժերին, Հայրիկյանն արձագանքել է. «Ինձ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղղորդումները կարող եք չհիշատակել, նա ինձ համար 0 է եղել, 0 էլ կա»:

Հայրիկյանը հիշեցրել է 1990-ին Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունները, որտեղ թեկնածուների շարքում եղել են Տեր-Պետրոսյանը, Վլադիմիր Մովսիսյանն ու ինքը՝ Հայրիկյանը: «ՊԱԿ-ն ինձ արտաքսել էր, Լեւոն Տեր-Պետրոսյանը գիտեր, որ թեկնածուներից մեկի անհավասար պայմաններում ընտրությունը ընտրություն չէ: Ես փորձեցի ամեն կերպ օգնել, իմ օգնությունը նա փորձեց ներկայացնել որպես Հայրիկյանի իշխանատենչություն, եւ այդ ընտրությանը մասնակցեց իմ բացակայությամբ: Այդպես է ինքը դարձել Հայաստանի գերագույն խորհրդի նախագահ՝ կեղծ ընտրություններով՝ ՊԱԿ-ի օգնությամբ»:

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ առաջին նախագահը խորհրդանիշ է, ԱԻՄ նախագահը կտրուկ արձագանքել է. «Այդ Ձեզ համար: Ես եմ առաջին ազգային գործիչը եւ Ձեզ այսօր ասում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդավարության, մարդու իրավունքների առումով հանցագործ է: Գագիկ Ծառուկյանից օգնություն էր խնդրում: Հիմա ումի՞ց պետք է խնդրի՝ Իվանիշվիլիի՞ց: Սերժ Սարգսյանը մի հատ Գագիկ Ծառուկյանին  փշտ արեց, նա փախավ: Այդ տեսակ առաջին նախագահ են լինո՞ւմ, առաջին նախագահն ասում է՝ մարդիկ, հույսներդ դրեք փող ունեցողի վրա՞»:

Հիշեցնենք, որ 1990-ի մայիսին Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունների ժամանակ արտաքսման մեջ գտնվող Հայրիկյանն առաջարկել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին հանել իր թեկնածությունը՝ հօգուտ իրե, որպեսզի ինքը հնարավորություն ունենա ԳԽ նախագահ դառնալով հնարավորություն ունենա վերադառնալ Հայաստան, սակայն այդ առաջարկը մերժվեր էլ: