Քրեածին իրավիճակի վերահսկողությունը իրավապահ մարմինների ամենօրյա աշխատանքն է: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Գյումրիում եւ Երեւանում տեղի ունեցած մի շարք աղմկահարույց միջադեպերին ու սպանություններին, այդ թվում «Երրորդմասցի Լյովիկի» եւ նրա ընկերների սպանությանը:
«Հետեւել քրեածին իրավիճակին եւ վերլուծել դրանց պատճառները շատ կարեւոր է: Որպես կանոն, այստեղ անհրաժեշտ է ուժեղացնել զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաեւ հանցավոր ակտիվությունը նվազեցնելու այլ միջոցառումներ իրականացնել»,-հայտարարել է նա:
«Նկատի ունենալով թե զենքի ապօրինի շրջանառության ծավալների հսկողության խստացման, թե հանցավոր վարքագծի հիմքում դրված այլ հանգամանքների նվազեցմանը կամ վերացմանն ուղղված միջոցառումները, ես վստահ եմ, որ այդ բոլոր հանցանքների քննարկման ընթացքում մենք կունենանք համալիր եւ ավելի համակարգային մոտեցում այդ հանցածին վիճակի վերացմանն ուղղված: Մենք չենք խոսում բացթողումների կամ ձեռքբերումների մասին, մենք խոսում ենք հանցածին վիճակը մշտապես հսկողության տակ պահելու եւ ավելին հանցածին հանգամանքները նվազեցնելու մասին»,- նշել է Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 4-ին, ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, սակայն ճանապարհին նրանք մահացել են։
Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը, մահացել է տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որտեղ եղել է դեպքը։ Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով:





























