ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է գերմանական KfW բանկի ծրագրերի ղեկավար Սանդրա Սոարես դա Սիլվայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարը բարձր է գնահատել KfW բանկի հետ համագործակցությունը:
«Գյուղատնտեսությունը մեր երկրի գերակա ուղղություններից է, իսկ առանց ոռոգման խնդիրի լուծման անհնար է ապահովել ոլորտի զարգացում: Վերջին տարիներին KfW բանկի հետ ակտիվ համագործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման շնորհիվ մեզ հաջողվել է բավական լուրջ առաջընթաց գրանցել ջրամատակարարման ոլորտում», - նշել է նախարարը:
Այնուհետեւ նախարարը համառոտ ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը, մատնանշել առաջնահերթությունները, որոնց շարքում, մասնավորապես, առանձնացրել է նոր ջրամբարների կառուցման, ոռոգման համակարգում նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցերը:
KfW բանկը Հայաստանում իրականացնում է ոռոգման, ջրամատակարարման եւ ջրահեռացման մի շարք ծրագրեր, այդ թվում` Կապսի ջրամբարի վերակառուցումը, ինչը հնարավորություն կտա ավելացնել Շիրակի մարզի հողօգտագործողների ոռոգման ջրի պահանջարկի բավարարման ծավալները:
Նախարարն առաջարկել է բանկի ներկայացուցիչներին ուսումնասիրություններ կատարել եւ քննարկել իրենց ծրագրերի մեջ նաեւ Մաստարայի ջրամբարի կառուցումը ընդգրկելու հնարավորությունը:
Նախարարն իր խոսքում կարեւորել է նաեւ հանրապետությունում խմելու ջրի կառավարման, արդյունավետ օգտագործման եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հարցը` հավելելով, որ այդ հարցում եւս բանկից ակնկալում է աջակցություն:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար`Սանդրա Սոարես դա Սիլվան տեղեկացրել է, որ ներկայումս քննարկումներ են ընթանում ստորգետնյա ջրերի կառավարման համակարգերի ծրագրի ներդրման վերաբերյալ, որում առաջնայնությունը տրվելու է Արարատյան դաշտավայրին: Բացի այդ, նրա խոսքով առաջիկայում նախատեսվում է գերմանացի փորձագետների այցը Հայաստան` ջրային ռեսուրսների գնահատման, արդյունավետ օգտագործման եւ գույքագրման փորձը ներկայացնելու նպատակով:
Հանդիպման ավարտին կողմերը եւս մեկ անգամ ընդգծել են համագործակցության ընդլայնման եւ հարաբերությունների սերտացման պատրաստակամությունը:





























