Գյումրիում հնչած կրակոցների գործով առայժմ ձերբակալվածներ չկան: NEWS.am-ի տեղեկություններով՝ իրավապահներին հայտնի է միջադեպի բոլոր մասնակից անձանց ինքնությունը, ակտիվորեն ձեռնարկվում են մի շարք գործողություններ: Առաջիկայում գործով սպասվում են ձերբակալություններ, իսկ եթե ձերբակալությունները չլինեն, ապա հնարավոր է հետախուզում հայտարարվի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի Արցախ թաղամասում` Տերյան փողոցում, գիշերը կրակոցներ են հնչել: Ժամը 23:30-ից մինչեւ 00:30-ը սահմաններում տարբեր վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 մարդ: Վիրավորներից 3-ը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրող-ծակող գործիքներից:

Հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը պարզ է` Ղազարյան Սմբատ, Ղազարյան Գագիկ, Ղազարյան Կնյազ, Հակոբյան Վլադիմիր, Գեւորգյան Համլետ, Ղուկասյան Գագիկ: Նրանցից երեքին ծանր վիճակում տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Երեւան տեղափոխվածներն են Կնյազ Ղազարյանը (հրազենից ստացված գանգուղեղային վնասվածքով), Գագիկ Ղազարյանը (հրազենից ստացված ձախ ուսի հատվածում վնասվածքով) եւ Գագիկ Ղուկասյանը (բութ գործիքով հարվածի հետեւանքով գանգուղեղային վնասվածքով)։

Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները Գյումրիի տարբեր թաղամասերից են՝ Արցախ, Սունդուկյան, Կ. Դեմիրճյան փողոցներից:

Կրակոցները հնչել են Տերյան փողոցում` «Պեգաս» խանութի մոտ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ 2007 թվականին նույն այդ խանութի մոտ տեղի էր ունեցել փոխհրաձգություն` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի որդիների ու նրանց ընկերների միջեւ: