Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրության ծավալելու համար կալանավորված՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը տեղափոխվել է նորից «Նուբարաշեն» ՔԿՀ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան հայտնեցին ՔԿՀ Հանրային կապերի բաժնից:

Նրանց փոխանցմամբ՝ ստուգումներից հետո, երբ պարզվել է, որ ստացիոնար բուժման կարիք չունի, «Դատապարտյալների հիվանդանոցից» նա երեկ երեկոյան տեղափոխվել է ՔԿՀ: Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը լավ է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրության ծավալելու համար կալանավորված՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին այսօր՝ մարտի 9-ին, կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին NEWS.am-ին ասել է մեղադրյալի փաստաբան Կարեն Սարդարյանը: «Այս պահին տեղափոխում են «Դատապարտյալների հիվանդանոց»: Վիճակը ծանր է: Սրտի հետ կապված խնդիր ունի»,- ասել է փաստաբանը:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Հակոբ Հակոբյանը ծավալել է ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով: Հակոբյանին կալանավորելու որոշում դատարանը կայացրել է փետրվարի 4-ին, Վերաքննիչ դատարանը մերժել է փոխել խափանման միջոցը: