Կապի եւ հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանը վերջին տարիներին լուրջ ձեռքբերումներ ունի: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին:
Գագիկ Բեգլարյանը շնորհավորել է ԱՄՆ դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու առթիվ եւ հաջողություններ մաղթեց հետագա գործունեության ընթացքում:
Ռիչարդ Միլսը նշեց, որ 25 տարի աշխատել է ԱՄՆ պետքարտուղարությունում եւ այդ ընթացքում հետեւել է Հայաստանի զարգացման գործընթացներին: «Վստահ եմ, որ այդ ոլորտում ձեր երկրի մասնագետները դեռ շատ հաջողությունների կհասնեն, ինչը շատ կարեւոր է»,- նշեց նա:
Գագիկ Բեգլարյանն իր հերթին ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում առաջնային տեղ է գրավում, եւ մեծ է պետության ներդրումն այդ գործում. «Այս ոլորտում պատահական չեն մեր գրանցած ձեռքբերումները, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գտնվում է կառավարության անմիջական ուշադրության ներքո: Ունենք երիտասարդ հայ մասնագետներ, ովքեր հրաշալի կերպով կարողանում են մրցել ՏՏ ոլորտում առաջնային դիրք գրավող երկրների մասնագետների հետ»:
Կողմերը կարծիքներ փոխանակեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի աշխատանքների ընթացքի, «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործման հեռանկարների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Հանդիպման ավարտին ԱՄՆ դեսպանը շնորհակալություն հայտնեց Գագիկ Բեգլարյանին ջերմ ընդունելության համար:





























