Բարձր-լեռնային ուսումնավարժական «Ալագյազ» համալիրում՝ ծովի մակարդակից ավելի քան 2200 մետր բարձրության վրա, մեկնարկել է Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի տանկային անձնակազմի եւ մարտական մեքենաների վարժանքները «տանկային բիաթլոնի» մրցումներին մասնակցելու համար։
Պարապունքներին, որոնք կշարունակվեն մինչեւ ապրիլի վերջ, ներգրավված է ավելի քան 300 զինծառայող եւ մոտ 30 միավոր ռազմական տեխնիկա։
Ինչպես հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, տվյալ պահին ընթանում է Т-72Б տանկերի եւ հետեւակի մարտական մեքենաների լավագույն մեխանիկ-վարորդների, հրամանատարների ու հրետաձիգների ընտրությունը։ Փորձառու հրահանգիչների ղեկավարությամբ իրականացվող ընտրությունից հետո անձնակազմերը կսկսեն պարապունքները՝ տարբեր տեսակի արգելքները հաղթահարելու միջոցով նշագծված տեղայնքով վարելու, ինչպես նաեւ մարտական մեքենաներից կրակելու եւ հատուկ մարտավարական պատրաստության ուղղությամբ։
Լավագույն անձնակազմերը կմասնակցեն Հարավային ռազմական օկրուգի գավաթի մրցումներին, որոնք կանցկացվեն այս տարվա մայիսին։





























