ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված հաղորդման քննարկմամբ տեղեկություններ են ձեռք բերվել, որ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության աշխատակիցները մեղադրյալ Գեւորգ Մ.-ի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով սպառնալիքներ եւ ճնշումներ են գործադրել վկա Գայանե Խ.-ի նկատմամբ, իսկ հետագայում վերջինիս մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ընթացքում քննիչն արձանագրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի այդ, ոստիկանության աշխատակիցներն առանց թույլտվության խուզարկել են Արմեն Թ.-ի ավտոմեքենան եւ թմրամիջոց հայտնաբերելուց հետո առանց արձանագրելու նրան ավտոմեքենայով տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ հայտնաբերված թմրամիջոցը դրել են ավտոմեքենայի մեջ ու այդ մասին տեղեկացրել վերջինիս: Այնուհետեւ հրավիրված երկու ընթերակաների ներկայությամբ Արմեն Թ.-ն թմրամիջոցը դուրս է բերել ավտոմեքենայի միջից եւ հայտարարել, որ այն իրեն է տվել ոմն Գեւորգը:
Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:





























