Սյունիքի մազպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական դեպքով Բուդաղյանները դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրանց փաստաբանը՝ Հայկ Ալումյանը:
Նա նշեց, որ իրենք դիմում են ներկայացրել՝ պահանջելով ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների խախտում: Այդ հոդվածները վերաբերում են արդար դատաքննության իրավունքին, անմեղության կանխավարկածի, ինչպես նաեւ կյանքի իրավունքի խախտմանը: Բուդաղյանների հայրը վիճարկում է Ավետիք Բուդաղյանի վերաբերյալ կայացրած քննիչի որոշումը, ըստ որի՝ վերջինիս մեղավոր է ճանաչվել սպանության փորձի համար:
Փաստաբանը շեշտեց, որ ՄԻԵԴ ներկայացված այս դիմումը պետության վրա պարտականություն է դնում սպանության դեպքերը արդյունավետ քննել: Նրանք նաեւ դիմել են տեղեկատվություն ստանալու իրավունքը սահմանափակելու մասով, քանի որ անպատասխան էր մնացել նրանց հարցումը՝ արդյոք Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը եւ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մասնակցել են Սուրեն խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հարսանիքին, թե ոչ: Առայժմ հայտնի չէ՝ ՄԻԵԴ ներկայացված դիմումը վարույթ ընդունվել է, թե ոչ:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք էր եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ էր ծագել, որը շարունակվել էր Սյունիքի մարզպետի տան մոտ: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:
Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:
Նշենք, որ Բուդաղյանների փաստաբանը դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով քննիչի երեք որոշումները: Նրանք բողոքարկել են քննիչի երկու որոշումները, որոնք վերաբերում էին Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն: Երրորդ որոշումը, որը նրանք բողոքարկել են, վերաբերում էր մահացած Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելուն:





























