ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Հակոբ Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը վերջինիս առողջական խնդիրների վերաբերյալ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արդարադատության նախարարությունից: ՀՀ արդարադատության նախարարի կարգադրությամբ, ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության աշխատակիցները, համագործակցելով ՀՀ առողջապահության «Էրեբունի» ԲԿ 2-րդ վիրաբուժական բաժնի վարիչ Ա.Ասատրյանի հետ, այսօր ժամը 14:30 սահմաններում այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` կալանավոր Հ.Հակոբյանին զննելու նպատակով: Կատարված զննության արդյունքներով պարզվել է, որ Հ.Հակոբյանի մոտ սուր վիրաբուժական պատալոգիա չկա, իսկ աճուկային ցավերը պայմանավորված են կոնկրեմենտների առկայությամբ երիկամի ավազանում, ուստի կալանավորը դինամիկ հսկողության կարիք ունի: Փաստենք, որ կալանավոր Հ.Հակոբյանի դինամիկ հսկողությունը հնարավոր է իրականացնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի կողմից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրության ծավալելու համար կալանավորված՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին այսօր՝ մարտի 9-ին, կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին NEWS.am-ին ասել է մեղադրյալի փաստաբան Կարեն Սարդարյանը: «Այս պահին տեղափոխում են «Դատապարտյալների հիվանդանոց»: Վիճակը ծանր է: Սրտի հետ կապված խնդիր ունի»,- ասել է փաստաբանը:
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Հակոբ Հակոբյանը ծավալել է ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով: Հակոբյանին կալանավորելու որոշում դատարանը կայացրել է փետրվարի 4-ին, Վերաքննիչ դատարանը մերժել է փոխել խափանման միջոցը:





























