«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում ֆինանսավորված գիտական տարբեր կազմակերպություններն այսօր՝ մարտի 11-ին, ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպված առաջին էքսպո-ցուցահանդեսին ներկայացրին իրենց կատարած աշխատանքները: «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար մարմնի անդամ, ՀՀ ԳԳԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ էքսպո-ցուցահանդեսը լավ հնարավորություն է երիտասարդ գիտնականների աշխատանքները հանրությանը ներկայացնելու համար։
«Էքսպո-ցուցահանդեսից անմիջապես հետո ՀՀ նախագահին ենք ներկայացնելու 2012թ. մեկնարկած «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում 2013թ. հուլիսի 1-ից մինչև 2015թ. փետրվար ամիսը կատարված աշխատանքների բովանդակային և ֆինանսական տարեկան հաշվետվությունը: 2013թ. հունիս ամսին արդեն մեկ հաշվետվություն ներկայացրել ենք ՀՀ նախագահին, որից հետո «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» բյուջեն ավելացվել է մինչև 200 միլիոն դրամ»,- ասաց նա։
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար Անի Գրիգորյանն էլ նշեց, որ էքսպո-ցուցահանդեսին ներկայացնում է կարևոր գրքեր, որտեղ ներկայացված են Երևան քաղաքի լավագույն մահարձանները և հուշատախտակների մասին պատմող նյութեր.
«Այսօր մենք ներկայացնում ենք «Երևանի մեմորիալ հուշարձանները» գիրքը, որտեղ ներկայացված են Երևան քաղաքի պանթեոնների ու գերեզմանատների մահարձանների օրինակները: Գրքում ընդգրկված են այն լավագույն մահարձանները, որոնք գեղագիտական արժեք են համարվում և յուրօրինակ են ճարտարապետական փոքր ձևերի մեջ: Ներկայացնում ենք նաև 2012թ. հրատարակված «Հուշագրելու արվեստը Երևանում» գիրքը, որտեղ ընդգրկված են հուշատախտակների մասին պատմող նյութեր»,-ասաց Անի Գրիգորյանը:





























