Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները ռազմավարական, դաշնակցային են, որոնք անցել են ժամանակի փորձությունը, եւ հենց դա է բնութագրում մեր երկրների ղեկավարների միջեւ հարաբերությունները: յս մասին սլովենական «Delo» օրաթերթին նտած հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են, ամրապնդվում են եւ ընդլայնվում: Առկա է շատ սերտ համագործակցություն երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ: Ինչ վերաբերում է ռուսական ռազմական բազային, ապա այն գտնվում է Հայաստանում միջկառավարական պայմանագրի հիմնան վրա եւ հանդիսանում է անվտանգության ապահովման կարեւոր գործոններից»,-ասել է նա:
Լրագրողի դիտարկմանը, թե Արեւմուտքում հույս են տածում, որ Գյումրիում տեղի ունեցածը, տնտեսական խնդիրները կգժտեցնեն Հայաստանին եւ Ռուսաստանին, արդյոք Հայաստանում փոխվել է վերաբերմունքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ընդհանրապես Ռուսաստանի հանդեպ, Նալբանդյանը պատասխանել է. «Ես չգիտեմ` ով է այդպիսի հույսեր փայփայում: Դրանք անլուրջ հույսեր են: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները ռազմավարական, դաշնակցային են, որոնք անցել են ժամանակի փորձությունը, եւ հենց դա է բնութագրում մեր երկրների ղեկավարների միջեւ հարաբերությունները:
Ռուսաստանի հետ մենք ունենք սերտ դաշնակցային հարաբերություններ, բայց, այնուհանդերձ, մենք ցանկանում ենք աշխարհի բոլոր երկրների հետ զարգացնել, ամրապնդել բարեկամական գործընկերությունը:
Որոշ երկրներ հավակնում են, թե ունեն ռազմավարական հարաբերություններ աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ: Նման բան դժվար թե հնարավոր է»:
Դիտարկմանը, որ Հայաստանը բացառիկ երկիր է, որը հանդիսանում է ԵՏՄ անդամ եւ դրանով հանդերձ ԵՄ-ի հետ ունի արտոնյալ մաքսային ռեժիմ, արդյոք հնարավո՞ր է` այս գործոնը դարձնի ձեր երկիրը տնտեսական միջնորդ Ռուսաստանի եւ ԵՄ միջեւ, Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ ո՛չ ԵՄ, ո՛չ Ռուսաստանը իրենց տնտեսական հարաբերությունների զարգացման համար միջնորդների կարիք չունեն: Մենք Եվրասիական միության անդամ ենք, միեւնույն ժամանակ ունենք լավ տնտեսական հարաբերություններ ԵՄ երկրների հետ: Եվ եթե կան առավելություններ, ապա մենք, բնականաբար, կփորձենք օգտագործել այդ առավելությունները՝ ելնելով Հայաստանի շահերից, ինչպես նաեւ ելնելով մեր եվրասիական եւ եվրոպական գործընկերների շահերից»:
Հարցին, թե կոնկրետ ի՞նչ է տալիս Հայաստանին անդամակցությունը ԵՏՄ-ին, հաշվի առնելով, որ Եվրոպայում դրանից զգուշանում են, Նալբանդյանը պատասխանել է. «Չեմ կարծում, ճիշտ է գաղափարական երանգ տալ տնտեսական հարաբերություններին: Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի անդամակցությունը Եվրասիական միությանը, ինչը մեզ հնարավորություն է ընձեռում ավելի պարզեցված ձեւով մուտք գործել պաշտպանված ապրանքաշուկաներ, Եվրասիական միության ծառայությունների միասնական շուկա, ներդրումներ բերել, ստեղծել արդյունաբերական եւ գյուղատնտեսական կոոպերացիաներ, առանց մաքսատուրքերի մուտք գործել ռեսուրսային բազա, ինչպես նաեւ ԵՏՄ տրանսպորտային միջանցքներ, դյուրացնել միգրացիոն ռեժիմը եւ այլն: Ես այդ ոլորտի մասնագետ չեմ, տնտեսագետ չեմ, բայց առավելություններն ակնհայտ են»:





























