Իշխանությունն ընդունում է Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ ՀՅԴ-ի առաջարկների մեծ մասը: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՅԴ-ն պատրաստվո՞ւմ է նոր հանդիպում ունենալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ սահմանադրական բարեփոխումների հարցով:
Ավելի վաղ Սերժ Սարգսյանի եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումների շարքի մասին հայտարարել էր ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը:
Հարցին, թե որ հարցերում իշխանությունը համաձայն չէ ՀՅԴ-ի հետ, Մինասյանը պատասխանել է, որ ճիշտ չի լինի հիմա խոսել դրա մասին, քանի որ բանակցությունները դեռ չեն ավարտվել:
Նա ընդգծել է, որ ՀՅԴ առաջարկները պայմանավորված չեն միայն նրանով, որ իրենք խորհրդարանական կառավարման համակարգը նախընտրում են կիսանախագահականից, ինչպես թվում է շատերին: Խոսքը բարեփոխումներ մի ողջ փաթեթի մասին է, որի մեջ ներառվում է նաեւ քաղաքական ուժերի (այդ թվում ընդդիմադիր) դերի բարձրացումը, ժողովրդավարական համակարգերի ամրապնդումը, կուսակցությունների ֆինանսական առողջացումն ու պատասխանատվությունը:
Պատգամավորի խոսքով՝ սոցիալական եւ հասարակական իրավունքների գերակայության մասին սահմանադրական նորմը պետք է հռչակագրայինից դառնա աշխատող: «Մենք, իհարկե, չենք ասում, որ երբ այդ նորմերը հայտնվեն Սահմանադրության մեջ, հենց հաջորդ օրվանից ամեն ինչ կհարթվի, բայց գործընթացները կդառնան ավելի ժողովրդավարական: Կլինի դրույթ, որի վրա կարելի է հենվել»,-ամփոփել է Արծվիկ Մինասյանը:





























