Ժամանակակից հայ նկարչուհի Արեւ Պետրոսյանի աշխատանքներն այսուհետեւ մշտական ցուցադրության կլինեն Երեւանի «Արեւ Պետրոսյան ցուցասրահում»: Հյուսիսային պողոտայի հարեւանությամբ գտնվող ցուցասրահը բացվեց այսօր՝ մարտի 12-ին:
Ցուցասրահում պարբերաբար փոփոխվող, անհատական ցուցահանդեսներից բացի ասմունքի երեկոներ, տարբեր միջոցառումներ կանցկացվեն: «Սա պիտի լինի այն վայրը, որի շուրջ կարող են հավաքվել քաղաքի մտավորականները: Մենք անդրադառնալու ենք այն թեմաներին, որոնք կարեւոր են քաղաքում: Մենք պետք է այսօր ասենք, որ չենք կարող անտարբեր լինել որեւէ խնդրի: Ուզում ենք լույս մտցնել, ջերմացնել քաղաքը, ուզում ենք՝ մի գողտրիկ անկյուն լինի, որը ջերմացնում է քաղաքը։ Սա կոտրում է այն կարծրատիպը, որ մենք մեղք ենք, խեղճ ենք, ընդհակառակը՝ մենք կանք, ուրախ ենք, հայ ենք»,- բացմանն ասաց ասաց Արեւ Պետրոսյանը:
Ցուցասրահում մշտական ցուցադրությամբ կներկայացվեն ոչ միայն Արեւ Պետրոսյանի, այլեւ նրա ընտանիքի անդամների՝ անվանի արվեստագետ, Հայաստանում մանրաքանդակի դպրոցի հիմնադիր Բենիկ Պետրոսյանի, ժամանակակից քանդակագործ Արեգ Պետրոսյանի աշխատանքները:
Ցուցասրահի բացմանը մասնակցեցին նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Քաղաքի սրտում հերթական արվեստի կենտրոնն է բացվում, որով նոր միջավայր է ստեղծվելու: Ձգտելու ենք այստեղ գալ յուրաքանչյուր ազատ ժամանակ: Բացի այդ՝ շատ կարեւոր է, թե ինչ ընտանիքի, ինչ արվեստագետի հետ գործ ունենք: Այս ընտանիքի յուրաքանչյուր անդամ արվեստի պատմության մեջ իր տեղը թողել է»,- լրագրողներին ասաց Հասմիկ Պողոսյանը:

































