Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի դպրոցներից մեկի աշակերտները իսրայելցի արաբի մահապատիժը ներկայացնող տեսանյութում ճանաչել են իրեն համադասարանցուն։ Նշենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները համացանցում տեսանյութ էին տեղադրել, որտեղ երեւում էր, թե ինչպես է ԻՊ անդամ անչափահաս տղան իրականացնում արաբի մահապատիժը։

Դպրոցի տնօրենը նշել է, որ տղան 12 տարեկան է։ «Նրան ճանաչել են, սակայն տղայի անունը չի հրապարակվում»,-  հայտարարել է նա՝ հավելելով, որ տղան անցյալ տարվանից դպրոց չէր հաճախում։ Այս մասին տեղեկացնում է Lenta-ն՝ վկայակոչելով բրիտանական The Telegraph պարբերականը։

Իր հերթին Associated Press-ը գործակալությունը, վկայակոչելով Ֆրանսիայի հետախուզական ծառայությունում իր աղբյուրները, հայտնել էր, որ մահապատիժն իրականացնող մեծահասակ տղամարդն ու անչափահաս տղան Ֆրանսիայի քաղաքացիներ են եղել։

Հիշեցնենք, որ Մուհամեդ Մուսալամի մահապատժի հոլովակը ԻՊ գրոհայինների կողմից տեղադրվել էր համացանցում մարտի 10-ին։ 13 րոպե տեւողությամբ հոլովակում արաբը խոստովանում է, որ իրեն վարձել է իսրայելական հետախուզությունը, որից հետո զինվորական համազգեստով տղան ատրճանակից կրակում է նրա ճակատին եւ երեք անգամ բացականչում «Ալլահ Աքբար»։