Ռուսաստանից Վրաստան նոր ճանապարհի կառուցման նախագծից լավ բան ակնկալելը դժվար է: Երեւանում կայացած Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի (Եվրամիություն + Արեւելյան գործընկերության երկրներ) հերթական նստաշրջանի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Վրաստանի խորհրդարանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Դավիթ Դարչիաշվիլին:
«Մենք բացասաբար ենք վերաբերում այն ամենին, ինչը կապված է Հարավային եւ Հյուսիսային Կովկասների վերաբերյալ ռուսական պետական ծրագրերի հետ: Իհարկե, խելամիտ է հնչում, որ որքան շատ բաց ճանապարհներ լինեն, այնքան՝ լավ: Բայց երբեմն այդ ճանապարհները բացվում են ռազմական տրանսպորտային, եւ ոչ միայն տրանսպորտային միջոցների համար: Իսկ մենք Ռուսաստանի հետ հարաբերությունների այնպիսի փորձ ունենք, որ ոչ մի լավ բան չենք ակնկալում»,- հայտարարեց Դարչիաշվիլին:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերին Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի միջեւ Պրահայում կայացած բանակցությունների ժամանակ քննարկվել է նաեւ Դաղստանի եւ Վրաստանի միջեւ ավարա-կախեթինյան ավտոճանապարհի արդիականացման հարցը:





























