Հայաստանը ունի Եվրասիական տնտեսական միության լայն շուկա պարզեցված ճանապարհով ելումուտ անելու բոլոր պայմանները։ Այս մասին մարտի 18-ին «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիաֆորումի շրջանակներում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Նախարարի խոսքով՝ կայուն եւ գիտության վրա հիմնված տնտեսություն ստեղծելու Հայաստանի տեսլականը հետեւյալն է. երկրում ապահովել բիզնեսի եւ ներդրումների առավելագույն ներկայություն, ակտիվորեն ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը։ «Մենք հստակ գիտակցում ենք, որ տնտեսության շարժիչ ուժը, պետության հարստության աղբյուրը բիզնեսն է։ Հետեւաբար, բիզնեսով զբաղվող յուրաքանչյուր սուբյեկտ Հայաստանում պետք է լավագույն պայմաններ ունենա։ Ինչու ներդրումներ կատարել հենց Հայաստանո՞ւմ։ Առաջին հերթին՝ Հայաստանը հուսալի երկիր է. ոչ մի ներդրող երբեք չի կորցնի իր գումարները, քանի որ դրանք երաշխավորվում են Սահմանադրությամբ։ Բացի ԵՏՄ շուկայի հետ կապված արտոնություններից, Հայաստանը օգտվում է նաեւ Եվրամիության 500-միլիոնանոց շուկայից եւ GSP+ ռեժիմից։ Հայաստանը օգտվում է ԱՄՆ, Ճապոնիայի, Կանադայի եւ այլ երկրների արտոնյալ ռեժիմներից»,- հավելեց Կարեն Ճշմարիտյանը։





























