Բելառուսում 2015 թվականի առաջին մահապատժի դատավճիռն է կայացվել. Գոմելի մարզի Ռեչիցա քաղաքի բնակիչը մեղավոր է ճանաչվել 2013 թվականի օգոստոսին առանձնակի դաժանությամբ 19-ամյա աղջկա սպանության մեջ: ՌԻԱ Նովոստիին այս մասին տեղեկացրել է Գոմելի մարզային դատարանի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Աղբյուրը հստակեցրել է, որ դատարանը մեղադրյալին մեղավոր է ճանաչել Բելառուսի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ բռնության կիրառմամբ խուլիգանության, կանխամտածված կերպով մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու, բռնության կիրառմամբ գողություն կատարելու, կրկնակի գողության, ինչպես նաեւ առանձնակի դաժանությամբ կանխամտածված սպանության համար: Հետաքննությունը դիտարկում էր նաեւ բռնաբարության վարկածը, սակայն դատարանում դա չի ապացուցվել: Մեղադրյալը նախկին երեք անգամ դատապարտված է եղել:
Որպես բարոյական փոխհատուցում՝ դատարանը որոշել է զոհվածի հարազատների օգտին 500 մլն բելառուսական ռուբլի, որպես նյութական փոխհատուցում՝ 20.7 մլն բելառուսական ռուբլի առգրավել (ընդհանուր առմամ բ՝ շուրջ 34.500 դոլար):
Բելառուսը Եվրոպայի եւ ԱՊՀ-ի միակ երկիրն է, որտեղ մահապատիժը դեռեւս գործում է, ինչի պատճառով պետությունը պարբերաբար քննադատության է ենթարկվում միջազգային կազմակերպությունների կողմից:





























