Անցած 2014 թվականի ընթացքում Վրաստան է այցելել մոտ 5,5 միլիոն զբոսաշրջիկ։ Այդ մասին Թբիլիսիում զբոսաշրջության զարգացմանը նվիրված սեմինարին հայտարարել է Վրաստանի տուրիզմի ազգային վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն։
Նրա խոսքով, Վրաստանը ձգտում է դառնալ Կովկասի զբոսաշրջային կենտրոն եւ երկրի իշխանությունները լուրջ աշխատանք են տանում այդ ուղղությամբ ռազմավարություն մշակելու համար։ «Մեզ համար այսօրվա դրությամբ կարեւոր է Վրաստանի մշակութային տուրիզմի զարգացումը, ավանդույթների եւ լեգենդների ներկայացումը, որը թույլ կտա նոր զբոսաշրջիկների ներգրավել։ Մենք մտադիր ենք գովազդել Վրաստանի զբոսաշրջային պոտենցիալը՝ նոր շուկաներ գրավելու համար»,- նշել է նա։
Չոգովաձեի խոսքով, անցած տարի Վրաստան է այցելել 5 մլն 493 հազար 492 մարդ, իսկ 2015 թվականին իրենք ակնկալում են ավելի շատ այցելուներ, հատկապես որ այս տարի մի քանի լայնածավալ միջոցառումներ են կայանալու Վրաստանում, այդ թվում՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի եզրափակիչը։
Ըստ վարչության ղեկավարի՝ Վրաստանը զբոսաշրջության առումով մի քանի առավելություններ ունի.
-Աշխարհի 148 երկրների մեջ 37-րդն է անվտանգության տեսանկյունից։
-Կարելի է հանգստանալ ողջ տարին, նպաստավոր պայմաններ են ստեղծված թե ամառային, թե ձմեռային հանգստի համար։
-Անհամար տեսարժան վայրեր կան, որտեղ կարող են այցելել զբոսաշրջիկները։
-Վրաստանը լրջորեն գովազդում է իր գինին եւ խոհանոցը։
-Հյուրանոցներում եւ հանգստավայրերում գները բավական մատչելի են։
Վրաստանի իշխանությունները լուրջ գումարներ են ծախսում Թբիլիսին, Բաթումին եւ մյուս տեսարժան վայրերը ներկայացնելու համար։ Հատկապես հեռանկարային են համարվում նախկին ԽՍՀՄ երկրները, որտեղ բնակչությունն ավելի լավ է տեղեկացված Վրաստանի մասին։ Զբոսաշրջության զարգացման համար Վրաստանն անգամ մեղմացրել է վիզային ռեժիմը Ռուսաստանի հետ, թեպետ վրացիների մուտքը ՌԴ տարածք ավելի բարդ է։ Վրաստանը նաեւ ծրագրում է ազատականացնել վիզային ռեժիմը, որը խստացվել էր 2014 թվականի սեպտեմբերի 1-ին։





























