Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին պատկանող պատմական Savarona զբոսանավը կօգտագործի իր արտասահմանյան այցելությունների եւ օտարերկրյա պետությունների ղեկավարների ընդունելության ժամանակ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը։

 «Զբոսանավը կարող է ուղեկցել նախագահին նրա արտասահմանյան այցելությունների կամ օտարերկրյա պետությունների ղեկավարներին ընդունելու ժամանակ։ Այսպես՝ նախագահը հնարավորություն կունենա նրանց ընթրիքի հրավիրել նաեւ արտասահմանում»,- մեջբերում է Չելիքի հայտարարությունը Hurriyet-ը։

Մարտի սկզբին Էրդողանն առաջին անգամ զբոսանավի վրա ընդունել էր Բոսնիա եւ Հերցեգովինայի Նախագահության անդամ Բաքիր Իզեթբեգովիչին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

136 մետր երկարությամբ Savarona զբոսանավը կառուցվել է 1931թ, իսկ 1938թ. այն գնել էր Թուրքիայի կառավարությունը եւ հանձնել Աթաթուրքին։