Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին Երեւան կժամանի մեծ պատվիրակությամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանիեն:

Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահը ապրիլի 24-ին Երեւան այցելելու մտադրության մասին նշել էր նախորդ տարվա գարնանը:

Ներկայումս Ֆրանսիայի դեսպանատունն աշխատում է այդ այցելությունը կազմակերպելու ուղղությամբ: Դեսպանի խոսքով՝ Ֆրանսուա Օլանդի գլխավորած պատվիրակության կազմում կլինի մոտ 100-120 մարդ:

Պատվիրակության կազմում կլինեն լրագրողներ եւ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Դեսպանի կարծիքով՝ Օլանդի այցի հիմնական ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը եւ որպեսզի ապագայում նման բան չկրկնվի: