ԱԺ-ի մոտ այսօր՝ մարտի 24-ին, իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող նաիրիտցիներին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասաց, որ նաիրիտցիները ստանալու են իրենց աշխատավարձերը, սակայն հստակ ժամանակացույց չնշեց։
«Տնտեսական հանձնաժողովը ուսումնասիրում է «Նաիրիտը» վերագործարկելու բոլոր հնարավոր ուղիները, իսկ ձեր աշխատավարձերը անկախ ամեն ինչից կվճարվեն, թեեւ այդ հարցին պետք է պատասխանի լիազոր մարմինը, որը էներգետիկայի նախարարն է: Նա այժմ գտնվում է գործուղման մեջ»,-ասաց Վարդան Այվազյանը, նշելով, որ իրենք փորձում են նաիրիտցիների խնդրին լուծում տալ իրենց իրավասությունների շրջանակում:
Նաիրիտցիներին հետ զրուցեցին նաեւ ԱԺ «Ժառանգություն», ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ:
Միքայել Մելքունյանը նշեց, որ «Նաիրիտի» հարցը պետք է չքաղաքականացնել, բայց նաիրիտցիների հարցը միայն քաղաքական լուծում ունի:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ նաիրիտցիներին ասաց, որ գործարանի վերագործարկումն անհրաժեշտություն է, եւ հորդորեց նաիրիտցիներին շարունակել իրենց պայքարը՝ գտնելով իրենց խնդրի երկարատեւ լուծում:
«Ձեր խնդիրները պետք է առանձնացվեն, ձեր հանդեպ տեղի ունեցած կոռուպցիան եւ խաբեությունները պետք է ջրի երես հանվեն, եւ մեղավորները պատժվեն: Խնդրին էլ երկարատեւ լուծում է անհրաժեշտ, քանի որ կարճատեւ լուծման դեպքում դուք կարող եք կրկին փողոցում հայտնվել»,-ասաց Թեւան Պողոսյանը:
Պատգամավորների խումբը բողոքող նաիրիտցիներին առաջարկեց ԱԺ-ում շարունակել քննարկումը, սակայն նաիրտցիները հրաժարվեցին: Նրանք առաջարկեցին իրենց պահանջները գրավոր ներկայացնել հանձնաժողովին:
Նաիրիտցիների հիմնական պահանջներն են պարտքերի մարման ժամանակացույցի ներկայացում, պարտքերի մարում եւ գործարանի վերագործարկում:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:


































