Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի եւ ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեի հովանու ներքո «Ֆրանսիահայերի կապույտ խաչը» ծառատունկ է կազմակերպել Մարսելում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի մոտ։ Այս մասին հայտնում է Nouvelles d'Arménie պարբերականը։

Հուշաքարի մոտ կայացած միջոցառմանը ներկա է եղել Վալերի Բուայեն։ Նրա խոսքով՝ 2015թ. ընթացքում պլանավորվում է տնկել 100 ծառ՝ նշենիներ եւ նռնենիներ։ Այս տարածքը դառնալու է հիշատակի զբոսայգի։ «Պատմությունը երբեք չպետք է մոռանալ, հատկապես, եթե խոսքը մարդկության դեմ գործած հանցագործության մասին է»,- նշել է ֆրանսիացի պատգամավորը։

Հիշատակի զբոսայգին ավարտին կհասցվի 2015թ աշնանը՝ ծառատունկի երկրորդ փուլի շրջանակներում, որի ընթացքում տնկած ծառերի թիվը կհասնի 100-ի։ Երկրորդ փուլը ֆինանսավորվելու է ֆիզիկական անձանց եւ ընկերությունների նվիրաբերությունների միջոցով։