Բազմաթիվ փաստաթղթեր վկայում են այն մասին, որ Եվրամիության Հարեւանության քաղաքականությունը վերանայումը պետք է ավելի ճկուն դարձնել՝ հիմնված պահանջարկների եւ ընտրովի առաջնահերթությունների վրա: ԵՄ-ն աննկատ կերպով փորձում է այդ սկզբունքներն իրականացնել Հայաստանի հանդեպ: Այս մասին Քարնեգիի կենտրոնի կայքի «Ռազմավարական Եվրոպա» բլոգում գրել է Ռիչարդ Յանգսը:
«Եվրամիության փորձերը ցույց են տալիս, որ ճկունությունը եւ տեղերում արձագանքման այս նոր սկզբունքները չեն լուծի ԵՄ քաղաքականության ոլորտի կարեւոր խնդիրները: Իրականում դրանք տակտիկական բարդ երկընտրանքի նոր մակարդակ են բացում»,- կարծում է Յանգսը:
Հեղինակը հիշեցնում է, որ Հարեւանության քաղաքականության հարցում ԵՄ-ի ճգնաժամը սկսվեց Հայաստանից, երբ վերջինը որոշեց միանալ ԵՏՄ-ին: Վերլուծաբանի կարծիքով, ԵՄ-ն, կարծես, որոշ դասեր քաղեց: Նախ Եվրամիությունը Հայաստանի հանդեպ սառը վերաբերմունք ցուցաբերեց, սակայն վերջերս կառույցի քաղաքականությունն ավելի իրատեսական դարձավ. համագործակցության ձեւաչափերի մեծ մասը շարունակվեց:
Ռուսաստանի հետ գործընկերության համար Հայաստանին պատժելու փոխաչեն, ԵՄ-ն մի քանի առաջնահերթ ուղղություններով համագործակցություն է առաջարկում այդ երկրին:
«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նոր համաձայնագիր են ուզում, սակայն ԵՄ-ին կոչ են անում աչք չփակել Հայաստանի վատթարացող քաղաքական իրադրության վրա»,- նշում է վերլուծաբանը:
Նա ընդգծում է, որ 2015 թվականին երկրում քաղաքական ճգնաժամ սկսվեց. իշխանությունները կործանեցին հիմնական քաղաքական կուսակցություններին մեկը: Վերլուծաբանը հարցադրում է կատարում. արդյո՞ք ԵՄ-ն ներողամիտ կգտնվի մեղմ ավտորիտարիզմի անցնող Սերժ Սարգսյանի հանդեպ: Եվ հակառակը, եթե ԵՄ-ն քաղաքական համաձայնության է ձգտում, արդյո՞ք Հայաստանի կառավարությունն ընդունելու խթան ունի:
Նոր համաձայնությունն արժեքավոր կլինի, սակայն, ըստ էության, զգալիորեն չի ամրապնդի Եվրամիության քաղաքական ազդեցությունը: Մասնավորապես, ըստ Յանգսի, համաձայնագրի փոփոխությունը դժվար թե ԵՄ-ին որեւէ դեր հատկացնի անվտանգության հարցերում, եւ սա՝ Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ Թուրքիայի հետ վատթարացող հարաբերությունների ֆոնին:
Արդյունքում, Հայաստանի օրինակը ցույց է տալիս Եվրամիության՝ ճկունություն եւ հարեւանների հանդեպ ստանդարտ մոդելը շտկելու պատրաստակամությունը:





























