Ամերիկացի հնէաբանները պարզել են, որ Չինաստանի տարածքում 75 մլն տարի առաջ սատկած 2 օվիրապտորներից մեկը արու է եղել, որը սիրահետել է էգին։ Դինոզավրերը մահացել են միասին, որի համար գիտնականները նրանց կնքել են Ռոմեո եւ Ջուլիետա անուններով։
Զույգին գտել են Ներքին Մոնղոլիայի Գոբի անապատում։
Հետազոտության հեղինակ Սքոթ Փերսոնի խոսքով՝ թեեւ դինոզավրերի սեռը որոշելը շատ դժվար է, քանի որ փափուկ հյուսվածքները գրեթե երբեք քարացածությունների վրա հետքեր չեն թողնում, սակայն նրանցից մեկի կոնքային ոսկորը ավելի խոշոր է, ինչը վկայում է սեռական դիմորֆիզմի մասին։ Ռոմեոն ավելի խոշոր կոնքային կառուցվածք է ունեցել, որը թույլ է տալիս արուներին շարժել պոչը էգերին գրավելու համար, տեղեկացնում է Lenta.ru-ն։




























