Նյու Յորքի բնակիչ Մայք Ֆայնը, որին ամերիկյան լրատվամիջոցները «սերիական գրկախառնվող» են կոչել, հայտարարել է, որ 33 տարեկանում հասցրել է շուրջ 10 հազար կնոջ գրկել: Այս մասին գրում է The New York Post-ը:

Տղամարդը պատմել է, որ այդ սովորույթն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ 4 տարի առաջ բաժանվել է հարսնացուից: Նրա խոսքով, շաբաթական միջինը 7 կնոջ է գրկում, որոնցից յուրաքանչյուրի հետ շուրջ մեկ ժամ է անցկացնում: Նա նաեւ ընդգծել է, որ չի ձգտում նրանց հետ սեռական կապի մեջ մտնել:

«Սեքսը սովորական գործողություն է: Ինչպես ատամնաբույժին այցելությունը: Երբ ես մոտենում եմ կանանց, նրանք անմիջապես մտածում են, որ ցանկանում եմ իրենց հետ անկողին մտնել: Եվ չեն կարողանում հավատալ, որ պարզապես ցանկանում եմ գրկել իրենց»,- ասել է Ֆայնը:

Ըստ Lenta-ի, ամերիկացին նաեւ հավելել է, որ առաջիկայում չի պատրաստվում լուրջ հարաբերություններ հաստատել որեւէ մեկի հետ: «Ես գրկախառնության աստղ եմ: Դրանում է իմ էությունը»,- ամփոփել է տղամարդը: