Նորք Մարաշում զույգ 8-ամսական երեխաներին, նրանց մորը եւ մի մեծահասակ կնոջ վրաերթ արած վարորդը շարունակում է գտնվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մոտ մեկ ամիս է՝ արդեն Ռազմիկ Ավետիսյանի փաստաբանը չէ:

Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ մեղադրյալը այդպես էլ նոր փաստաբան չունի, գործով որեւէ նորություն չկա: Նշանակված փորձաքննությունների եզրակացությունները չեն եկել, մեղադրյալին էլ չեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան ընթացել է Մարաշի Արմենակյան փողոցով Հերացու փողոցի ուղղությամբ, շուրջ 40կմ/ժ արագությամբ: Հասնելով Արմենակյան փողոցի թիվ 122 հասցեի դիմաց՝ վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա՝ դուրս եկել երթեւեկելու գոտուց եւ բարձրանալով մայթին վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Վրաերթի հետեւանքով մանկահասակ երեխաներից մեկը տեղում մահացել էր, մյուս երեք քաղաքացիներին տեղափոխել էին հիվանդանոց։  Օրեր անց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում մահացել է նաեւ զույգ եղբայրներից ողջ մնացածը: Վթարի հետեւանքով վնասվածքներ է ստացել նաեւ ավտոմեքենայի ուղեւորը՝ վարորդի կինը, ով ամբուլատոր բուժօգնություն է ստացել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է, ապա նաեւ կալանավորվել: Նա մեղադրվում է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է 2 մարդու մահ: Վերաքննիչը մերժել էր փոխել մեղադրյալի խափանման միջոց կալանքը: