Կատալոնիայի հայերի «Արարատ» ասոցիացիան եւ ազգային փոքրամասնությունների կենտրոնը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում են կազմակերպել:
Ցուցադրվել է 1915 թվականի կոտորածների պատմության մասին փաստագրական ֆիլմ, իսկ երգչուհի Շուշանիկ Հովհաննիսյանը հատվածներ է կատարել հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի ստեղծագործություններից: Միջոցառման հյուրերը նաեւ հնարավորություն են ունեցել հայկական խոհանոցի ուտեստներ համտեսել:
«Արարատ» ասոցիացիայի նախագահ Սարգիս Հակոբյանի խոսքով, հայերը թշնամանք չեն ցանկանում, բայց որպեսզի խաղաղությունն ու համագործակցությունը հնարավոր լինեն, հարկավոր է ճանաչել Ցեղասպանությունը:
Կենտրոնի ղեկավար Աուրելի Արգեմին իր հերթին ընդգծել է հայերի եւ կատալոնացիների միջեւ կապերի կարեւորությունը:
«Արարատ» ասոցիացիայի տվյալների համաձայն, Կատալոնիայում շուրջ 4 հազարանոց հայ համայնք կա:





























