Կառավարությունը հավանություն չի տվել ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջ քաշած օրինագծին, որով առաջարկվում էր մի շարք կարեւոր  սննդամթերքների համար (հաց, միս, կաթնամթերք, ձու) ԱԱՀ-ն նվազեցնել 20-ից 15 տոկոս։ Այս մասին ապրիլի 16-ին կայացած Կառավարության նիստում  հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։ Հիշեցնենք, որ այս պահին ԱԱՀ-ի հաշվարկային դրույքը կազմում է 20 եւ 16.67 տոկոս։

Ինչպես նշվում է ֆիննախի գրավոր հիմնավորման մեջ, կողմնակի հարկի արտոնությունները չեն կարող իջեցնել այդ մթերքների գինը, ինչպես ակնկալում է պատգամավորը։  Պատճառն այն է, որ այս ապրանքների ողջ մնացյալ շղթան կմնա ԱԱՀ-ի տակ իր ամբողջ ծավալով։ Այս դեպքում ձեռնարկությունների մոտ կգոյանա ԱԱՀ-ի մնացորդ, որը նրանք չեն կարող զրոյացնել եւ հարկադրված կլինեն մտցնել ապրանքի վերջնական գնի  մեջ։ Միաժամանակ հաշվի առնելով, որ Կառավարությունը պատրաստվում է փոփոխություններ մտնել Հարկային օրենսդրության մեջ, որոնց շրջանակներում կքննարկի  նաեւ ԱԱՀ հաշվարկային դրույքների նվազեցման հնարավորությունը՝ պատգամավորին առաջարկում են այս առաջարկը ներկայացնել քննարկումների փուլում։