Նավթի գները բարձրացել են, սակայն դա ուղղակիորեն չի համահարաբերակցվում ռուբլու փոխարժեքի ամրապնդման հետ։ Այս մասին ապրիլի 16-ին ուղիղ գծի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Նավթի գները աճել են։ Դա իհարկե պայմանավորված է ռուբլու դիրքերի ամրապնդմամբ, սակայն այդ ամրապնդումը նման աճի հետ արդեն անմիջականորեն չի համահարաբերակցվում։ Այդտեղ կան այլ գործոններ»,- ասել է ռուս նախագահը։
Նրա խոսքով՝ կառավարության հասցեին հնչեցրած քննադատությունը, թե այն ճգնաժամից դուրս գալու համար սպասում է նավթի գնի աճին, ավելորդ քննադատություն է, քանի որ կառավարությունը երկրում իրավիճակի կայունացման ծրագիր է մշակել։ «Քննադատությունն ավելորդ է։ Նման պայմաններում երկրի սոցիալ-տնտեսական վիճակի կայունացման համար ադեկվատ պլան ընդունելը բարդ եւ բարձր պրֆեսիոնալ խնդիր է։ Չի կարելի դրա համար գումարներ վատնել։ Իհարկե կառավարությանը ժամանակ էր պետք՝ հասկանալու համար, թե ինչ է պետք անել, ինչ միջոցներով եւ ուժերով ենք մենք կարող այդ խնդիրը լուծել»,- ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ իրավիճակից դուրս գալու պլանը մշակվել էր 2014թ. դեկտեմբերին եւ հիմա աստիճանաբար գործարկվում է։ «Իհարկե կառավարությանը պետք է նաեւ քննադատել, նախագահին՝ նույնպես, բոլորին է պետք քննադատել։ Առհասարակ երբ կա քննադատություն, դա ստիպում է այլ աչքերով նայել շրջապատող իրականությանը, ինչը օգտակար է»,- հայտարարել է Պուտինը։




























