Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն, 1983 թվականից, ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր: Այս օրը տարբեր երկրներում իրականացվող բազմաբնույթ միջոցառումները հնարավորություն են ընձեռում բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ն առաջադրում է օրվա խորհրդին առնչվող որեւէ յուրահատուկ թեմա:
Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումներն այս տարի Հայաստանում կանցկացվեն «Հայոց ցեղասպանություն. մշակութային ցեղասպանություն» խորագրով:
ՀՀ մշակույթի նախարարությունը, համագործակցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ՀՀ պաշտպանության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության, ինչպես նաեւ ՀՀ տարբեր գերատեսչությունների եւ ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, Հայաստանի մարզերում, Երեւանում եւ ԼՂՀ-ում կանցկացնի բազմաբնութ միջոցառումներ: Միջոցառումների նպատակն է հնարավորություն ստեղծել վերհիշելու անցյալի իրադարձությունները, հանրությանը մեկ անգամ եւս հաղորդակից դարձնելու Հայոց պատմությանն ու մշակույթի հուշարձաններին, տարբեր վայրերիի հետ կապված հիշողություններին:
Բանակ-կրթություն-մշակույթ եռամիասնությունը, 2012 թվականից սկսած` զինծառայողների, մանուկների ու պատանիների շրջանում պատմամշակութային արժեքների նկատմամբ հարգալից վերաբերմունք արմատավորելու, դրանց պահպանման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ավանդույթ է ձեւավորել. ՀՀ պատմության եւ մշակույթի հուշարձանները կցագրված են ՀՀ ԶՈՒ զորամասերին եւ ուսումնական հաստատություններին: Իրազեկված հայ զինվորն ու դպրոցականը, պարզապես բարի կամքի տեր քաղաքացին կայցելի պատմամշակութային վայրեր` մասնակցելու հուշարձանների տարածքների բարեկարգմանը եւ թեմատիկ դասախոսություններին: Տարբեր տարիքային խմբերի մասնակիցները ծրագրում կգտնեն իրենց հետաքրքրող միջոցառումը: Միաժամանակ, հուշարձանների միջազգային օրվա առթիվ` ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում, ինչպես նաեւ պատմության եւ մշակույթի հուշարձանների տարածքներում կանցկացվեն օրվա խորհրդին առնչվող թեմատիկ միջոցառումներ` ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, մանկական խաղ-վիկտորինաներ եւ այլն:
Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ` միջոցառումների շարք կնվիրվի նաեւ Արեւմտյան Հայաստանի նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգությանը, մշակութային ցեղասպանության հետեւանքով ոչնչացված արժեքներին, արեւմտահայության կյանքի ու դերի մասին թեմաներին, հրապարակումներին:





























