Ռուսաստանի Բրատսկ քաղաքում ավարտվել է ֆուտբոլային մրցաշարը, որին մասնակցել են քաղաքի ԱՊՀ երկրների սփյուռքը ներկայացնող ազգային թիմերը:
Մրցաշարի նախաձեռնողն ու կազմակերպիչը ֆուտբոլի հավատարիմ երկրպագու Արտեմ Խաչատրյանն է, ով մեկ թիմում՝ «Կովկաս»-ում է հավաքել հայերին ու ադրբեջանցիներին: Նա ընդգծել է, որ «Կովկասը» միակ թիմը չէ, օրինակ՝ «Տաջիկստան» թիմում խաղում են նաեւ ռուսաստանցիներ:
Մասնակից թիմերը բաժանվել են երկու խմբի, յուրաքանչյուրում` 4 թիմ: Առաջին խմբում ընդգրկվել են «Կովկասը», «Ուզբեկստանը», եւ եւս երկու ղըրղզական թիմեր` «Ալգան» եւ «Ղըրղզստանը»: Երկրորդ խմբում ընդգրկված են «Ալֆան», «Առաջիններ»-ը, «Իմպուլսը» եւ «Տաջիկստանը»:
Բուռն մրցակցության արդյունքում հաջորդ փուլ են անցել «Կովկասը» (9 միավոր), «Տաջիկստանը» (6 միավոր), «Առաջինները» (5 միավոր) եւ «Ալգան» (4 միավոր):
«Կովկաս»-«Առաջիններ» խաղում 11 մետրանոցներով 6:5 հաշվով հաղթել է «Կովկասը»: «Տաջիկստան»-«Ալգա» խաղում 3:2 հաշվով հաղթել է «Տաջիկստանը»:
Եզրափակիչում, «Տաջիկստանը» 5:3 հաշվով հաղթել է «Կովկասին» եւ առաջին անգամ դարձել այս մրցաշարի հաղթող:




























