Կանադայում դինոզավրերի հարյուրավոր հետքեր են հայտնաբերվել, որոնք թողել են, ամենայն հավանականության, ավելի քան 100 մլն տարի առաջ:

Հետքերը գտնվել են Բրիտանական Կոլումբիա նահանգի հյուսիս-արեւելքում, Ուիլոսթոն լճի մոտ, Վանկուվերից շուրջ 1500 կմ դեպի հյուսիս-արեւելք: Դրանք շուրջ երեք ֆուտբոլային դաշտի չափ ունեցող քարե տարածքի վրա են եւ արահետ են գծագրում, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով կանադական The Globe and Mail պարբերականը:

Հնեաբան Ռիչ ՄակՔրիի խոսքով, արահետում կարելի է առանձնացնել առնվազն 20 նախապատմական կենդանիների ոտքերի հետքերը, որոնց թվում են ալոզավրեր (8,5 մետր երկարություն ունեցող երկոտանի գազան) եւ անկիլոզավրեր (կշռել են 6 տոննա):

ՄակՔրին հայտարարել է, որ «դինոզավրերի արահետը» կարող է դառնալ գիտական տուրիզմի ամենահայտնի վայրերից մեկը: