NEWS.am-ը ներկայացնում է հարցազրույց Իսրայելում բնակվող ազգությամբ հայ խոհարար Սարգիս Յակուբյանի հետ: Վերջինիս ստեղծած «Խաղաղության համը» խոհարարական ասոցացիան այսօր մասնաճյուղեր ունի աշխարհի տարբեր երկրներում:

Պարոն Յակուբյան, պատմեք Ձեր ընտանիքի մասին, որտեղի՞ց են Ձեր ծնողները:

Արմատներով Մարաշից եմ, 1915թ.-ին նախնիներս փախել են այնտեղից եւ բնակություն հաստատել Սիրիայում, Լիբանանում եւ Պաղեստինում։ Ես ծնվել եմ Լիբանանում 1960թ.-ին։ Երբ 7 տարեկան էր, ծնողներիս հետ եկա Երուսաղեմ՝ մորս ծնողներին այցելության: Մեր այցից ընդամենը 6 օր անց սկսվեց պատերազմ Իսրայելցի եւ արաբ ժողովուրդների միջեւ։ Մենք հարկադրված մնացինք եւ առ այսօր չենք կարողանում վերադառնալ Լիբանան։

Սովորել եմ Երուսաղեմի հայկական Սուրբ Թարգմանչաց դպրոցում, ավարտել տեղի տեխնիկական քոլեջը՝ ստանալով ինժեների մասնագիտացումը, սակայն երբեք իմ մասնագիտությամբ չեմ աշխատել։

Երաժշտություն եմ սիրում, նվագում եմ փողային գործիքներ: Այժմ էլ սկաուտներին եմ սովորեցնում նվագել:

Տեխնիկական քոլեջ, երաժշտություն... ինչպե՞ս հայտնվեցիք խոհարարության մեջ:

Մինչեւ խոհարարությունը՝ զբաղվել եմ տպագրությամբ. տարբեր գրաֆիկական ձեւավորումներ էի անում տուրիստական հուշանվերների վրա: Սակայն 1997թ.-ին, երբ սրվեց քաղաքական հակամարտությունը պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ, ամբողջությամբ կորցրի իմ բիզնեսը: Այդ ժամանակ ընտրության մեծ հնարավորություն չունեի եւ որոշեցի զբաղվել խոհարարությամբ՝ ավարտելով նախ Վիֆլեեմի համալսարանի հյուրանոցի կառավարման բաժինը, ապա Իռլանդիայի խոհարարական դպրոցներից մեկը։

Անձամբ ինձ միշտ ոգեւորել է մայրս՝ Մարի Յակուբյանը, որը Երուսաղեմում Ռուսաստանի պատրիարքի անձնական խոհարարն էր։ Մանկությանս տարիներին ես հաճախ էի նրան օգնել խոհանոցում։

Պրոֆեսիոնալ խոհարարությունն ուսումնասիրելուց հետո որոշեցի խոհարարական հոգեբանություն սովորել եւ հատուկ կարիք ունեցող մարդկանց սովորեցնել՝ ինչպես պատրաստել եւ նույնիսկ աշխատել հյուրանոցներում, ռեստորաններում, գործարաններում:

10 տարի աշխատելով այդպիսի մարդկանց հետ՝ պետք է ասեմ, որ այդ ժամանակահատվածում յուրաքանչյուր պահից հաճույք եմ ստացել։ Այնուհետեւ վերադարձա հյուրանոցային բիզնես՝ որպես շեֆ խոհարար։ Հետաքրքրական է, որ իմ աշխատանքի ընթացքում տեսա, թե ինչպես են արաբ եւ իսրայելցի խոհարարարներն աշխատում են կողք կողքի, նույն խոհանոցում եւ նույն նպատակի համար:

Այսօր արդեն սեփական խոհարարական ասոցացիա ունեք՝ «Խաղաղության համը»: Ինչո՞ւ այդ անվանումը:

Ասոցացիան ստեղծվել է 2007թ.-ին: Այդ ժամանակ Իսրայելի խոհարարների ասոցացիայի անդամ էի, սակայն որոշեցի այնպիսի բան ստեղծել, որը կապացուցեր իմ տեսակետը՝ մարդիկ կարող են միմյանց հետ հաշտ ու համերաշխ ապրել, եթե նրանք դա ուզում են։

Ես իմ ասոցացիան որոշեցի անվանել «Խաղաղության համը»՝ հավատով, որ մենք բոլորս մարդիկ ենք՝ անկախ մեր ռասսայական, ազգային եւ կրոնական պատկանելիությունից: Ինքս  հավատում եմ նաեւ, որ մենք՝ խոհարարներս, կարող ենք լինել արդարության դեսպաններ եւ խաղաղություն բերել ազգերի միջեւ: Բացի դրանից՝ հավատում եմ, որ խոհարարներն ամենաուժեղ խառնվածքն ունեցող մարդիկ են աշխարհում։ Հետեւաբար, իմ կարգախոսն է՝  դանակներն ու սուր գործիքները միայն չեն քանդում, նաեւ խաղաղություն են ստեղծում։

Մեր ասոցացիան մասնաճյուղեր ունի Ալբանիայում, Ռումինիայում, Հունաստանում, Պաղեստինում, Իսրայելում, Խորվաթիայում, Հնդկաստանում: Մենք Խոհարարների համաշխարհային ասոցացիայի անդամ ենք:

Ինքս համաշխարհային խոհարարական մրցավար եմ, Հունաստանի, Ռումինիայի, Խորվաթիայի, Պաղեստինի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, Մոնտենեգրոյի խոհարարների ասոցացիաների պատվավոր անդամ։

Պարոն Յակուբյան, աշխատելով Իսրայելում՝ ի՞նչ խնդիրների եք հաճախ բախվում:

Ասոցացիան շահույթ չի հետապնդում, ես իմ միջոցներով եմ պահում այն: Պետք է ընդգծեմ, որ այս տարիների ընթացքում ֆինանսական եւ հոգեբանական աջակցություն ես ստանում եմ իմ ընտանիքից, հատկապես Կանադայում բնակվող քրոջիցս՝ Սոսի Յակուբյան Թերզյանից։ Մեր հիմնական խնդիրը հենց ֆինանսական միջոցների սղությունն է: Իսրայելում մեծ խնդիր է նաեւ արաբ եւ իսրայելցի խոհարարների միջեւ եղած կոնֆլիկտը:

Որպես խոհարար՝ ի՞նչ եք սովորաբար պատրաստում: Հետաքրքիր է իմանալ՝ որպես հայ, ո՞րն է Ձեր նախընտրած խոհանոցը:

Ես պատրաստում եմ մեծ մասամբ միջինարեւելյան եւ պաղեստինյան ուտեստներ, որովհետեւ մեծացել եմ հենց այդ միջավայրում: Բայց շրջագայությունների ժամանակ ես հայկական խոհանոցն էլ եմ ներկայացնում, իմ փորձն եմ փոխանակում: Օրինակ, Լյուքսեմբուրգում 2010թ. կայացած աշխարհի առաջնության ժամանակ ես երեք ոսկե մեդալ եմ ստացել՝ հանդես գալով հայոց եռագույնի ներքո:

Ձեր կարծիքով՝ ի՞նչ է պակասում հայկական խոհանոցին: Հնարավո՞ր է՝ մի օր Հայաստան այցելեք՝ Ձեր փորձը փոխանակելու եւ ինչու ոչ նաեւ ասոցացիայի մասնաճյուղը հայրենիքում բացելու համար:

Որպես հայ՝ հպարտ կլինեմ ներկայացնել հայկական խոհանոցը միջազգային հարթակներում, ինչպես նաեւ աջակցել դրա զարգացմանը: Պատմությունից է հայտնի, որ միջերկրական եւ սեւծովյան տարածաշրջանի խոհանոցի հայրենիքը Հայաստանն է: Այնպես որ մենք կարիք ունենք՝ ավելի շատ գովազդելու հայկական խոհանոցը՝ օգտագործելով ուտեստների օրիգինալ անվանումները, ոչ թե թուրքական, հունական կամ արաբական տարբերակները:

Դժբախտաբար, ես երբեք Հայաստանում չեմ եղել, ինձ դեռեւս չի հաջողվում կապ հաստատել հայ խոհարարներ: Շատ մեծ ցանկություն ունեմ՝ առաջիկայում ասոցացիայի մասնաճյուղը բացել նաեւ Երեւանում: Հուսամ՝ նպատակս շուտով իրականություն կդառնա:

Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը