Դիլիջանում, մայիսի 1-3-ին տեղի է ունենալու «Դիլիջանյան խաղեր 2015» ինտելեկտուալ խաղերի ամենամյա միջազգային մրցաշարը: Մրցաշարը կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի կողմից՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ: Խաղերը կանցնեն «Բեսթ Վեսթերն Դիլիջան Փերեդայզ» հյուրանոցում:

Փառատոնն անցկացվելու է Հայաստանում արդեն երրորդ անգամ: «Դիլիջանյան խաղերին» մասնակցելու են 6 երկրների գիտակները, որոնց թվում են  «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հայտնի խաղացողներ՝ մագիստրոս Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Ռուբինը, Ելենա Պոտանինան եւ այլ հայտնի գիտակներ:  Թիմերը  կմրցեն 4 անվանակարգերում՝ «Ի՞նչ, Որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն-ռինգ», «Էրուդիտ» եւ «Քո խաղը» անհատական մրցաշարում:

Նախորդ տարի Դիլիջանում անցկացված «Դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ մրցաշարը «Ի՞նչ, Որտե՞ղ, ե՞րբ» խաղի Ակումբների Միջազգային Ասոցիացիայի կողմից արժանացավ «Տարվա մրցաշար» մրցանակի:

Ընդհանուր առմամբ միջազգային փառատոնին կմասնակցի 22 թիմ` 11 հայկական եւ 11 արտասահմանյան: Այս տարի գիտակները ժամանել են Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Իժեւսկից, Դոնի Ռոստովից, Մինսկից, Կիեւից, Դոնեցկից, Դնեպրոպետրովսկից, Թբիլիսիից, Զուգդիդիից, Երեւանից եւ Ստեփանակերտից: