«Ջաղացի ձոր» ՓԲ ընկերությունը «Գրին Լենդ Ինվեստմենտ» ՓԲԸ  գործակցությամբ Կոտայքի մարզի Գողթ լեռնային գյուղում իրականացնում է եզակի համալիր ծրագիր: Ծրագրի շրջանակներում աննախադեպ կարճ ժամկետում կառուցվել են երկու փոքր ՀԷԿ-եր, լուծվել են ոռոգման ջրի մատակարարման հարցերը, ստեղծվել են աշխատատեղեր, էապես բարելավվել է շրջակա բնական միջավայրը:

Գործակից ընկերությունների միջոցներով 6250 մետր երկարությամբ եւ 720 մմ տրամագծով խողովակաշար է անցկացվել, որը ջրի վարարման շրջանում ծառայում է իբրեւ ջրահավաք: Ապրիլ-հունիս ամիսների ընթացքում ջրատարը Գողթ գյուղին տրամադրել է 3 մլն խորանարդ մետր ոռոգման ջուր, ինչպես նաեւ ապահովել է ջրահոսքի կիրառումը փոքր ՀԷԿ-երի տուրբինների աշխատանքի համար: Մինչեւ վերջերս հալոցքային ջրերի մեծ մասն անօգուտ հոսել-լցվել է Ազատ գետը: Ջրամատակարարման հարցի լուծման շնորհիվ ամեն տարի Գողթում ընդլայնվում է ոռոգովի հողագործությունը, իսկ «Ջաղացի ձորի»  գործընկեր  «Գրին Լենդ Ինվեստմենտ» ընկերությունը գյուղի մերձակայքում հիմնել է 73 հեկտար այգի` 30 000 բազմազան մրգատու ծառերով:

«Ջաղացի ձոր» ընկերության տնօրեն Մարկոս Ղարիբյանի խոսքերով, երկու փոքր ՀԷԿ-երն էլ կառուցվել են մոտ 15 ամսում: Նրանց գումարային հզորությունը 4 մեգավատ է, իսկ արտադրված էլեկտրաէներգիան մուտք է գործում Հայաստանի ընդհանուր էներգահամակարգ: Մ.Ղարիբյանը տեղեկացրել է, որ համալիր ծրագրի իրականացման համար Գողթ եւ Գառնի գյուղերից ներգրավվել է 90 բնակիչ, որոնց միջին աշխատավարձը ամսական 180 հազար դրամ է կազմում:

«Ոռոգվող տարածքները մշտապես ընդարձակվում են` ապահովելով բնակչության զբաղվածությունը: Այդ իսկ պատճառով Գողթից մարդիկ գործնականում չեն հեռանում»,- ասել է Գողթի գյուղապետ Արտավազդ  Հակոբյանը:

«2008-2010 թթ. կատարվածը լոկ անդրանիկ մասն է այն մեծ համալիր ծրագրի, որի մեջ արդեն ներդրվել է շուրջ 4 մլն դոլար», - ընդգծել է «Ջաղացի ձոր» ընկերության տնօրեն Մարկոս Ղարիբյանն ու հավելել. «Մեր գործունեությունը չի սահմանափակվելու ձեռք բերվածով, իսկ նոր նախագծերը կներկայացնենք  դրանց իրագործմանը զուգահեռ»: