Իրենց աշխատավարձերի պարտքերը պահանջող «Նաիրիտի» մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր՝ մայիսի 1-ին, հավաքվել են Ազատության հրպարակում եւ ցանկանում են հանդիպել նախագահին, որը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում մասնակցելու է աշխատավորների օրվան նվիրված միջոցառմանը։
«Մայիսի 1-ը աշխատավորների օրն է, բայց առնվազն 1700 աշխատավորների համար գործազուրկների օրն է: Չգիտենք՝ մենք այս տոնի խորթ զավակն ենք, կարող ենք տոնել, թե ոչ: Մենք մեծ խնդիր ունենք ու այս խնդիրը մնում է բաց: Մարդկանց ազատել են աշխատանքից առանց աշխատավարձ վճարելու: Մենք հավաքվել ենք ցույց տալու, որ երկրում կա գործազուրկների մեծ բանակ, բացի այդ մեզ չի հաջողվում հանդիպել եւ զրուցել նախագահի հետ, այսօր հույս ունենք նախագահին տեսնել եւ անձամբ մեր խնդիրը նրկայացնել»,-ասաց «Նաիրիտ» գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը։
Նշենք, որ նաիրիտցիներն իրենց հետ բերել են «Աշխատավարձի ստացումը մարդու հիմնարար իրավունքն է», «Աշխատավարձերի պարտքերի մարում», «Մենք չենք ուզում դառնալ գաղթական» գրությամբ պաստառներ:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ապրիլի 17-ին, նաիրիտցիների հետ հանդիպմանը վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր ապրիլի 27-ին վճարել մեկ ամսվա աշխատավարձը եւ պարտքի մարման ժամանակացույց էր ներկայացրել, ըստ որի, աշխատանքից ազատված նաիրիտցիները 2 ամիսը մեկ աշխատավարձ կստանան մինչեւ պարտքն ամբողջությամբ կմարվի, սակայն խոստացված գումարը նաիրիտցիները չէին ստացել։
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:
.jpg)
.jpg)

.jpg)





























