Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտարարություն է տարածել վերջին օրերին բանակում կատարված միջադեպերի վերաբերյալ:
«Հուլիսի 27-ին ՀՀ ԶՈՒ թիվ 3-րդ բանակային կորպուսի` զինվորական դիրքերում հրազենից մահացել է 31-ամյա պայմանագրային զինծառայող, մասնագիտությամբ արեւելագետ, լեյտենանտ Արտակ Նազարյանը:
Մեկ օր անց ավելի սահմռկեցուցիչ դեպք տեղի է ունեցել N զորամասում, որտեղ զինծառայողը նախ սպանել է մի քանի զինծառայողների, այնուհետեւ ինքնասպան եղել:
ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որ խստագույնս ցուցումներ են տրվել համապատասխան ծառայություններին` դեպքի բոլոր մանրամասնությունները պարզելու համար:
Միմյանց հաջորդող նման դեպքերը համալրում են տարբեր զորամասերում կատարված սպանությունների շարքը, ինչը չի կարող բացասական ազդեցություն չունենալ թե բանակի մարտունակության, եւ թե հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:
Մարդու իրավունքների Պաշտպանը ցավակցում է զոհերի հարազատներին, դատապարտում նման դեպքերը, կոչ է անում իրավասու մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը դեպքերի հանգամանքների լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ բացահայտման, ինչպես նաեւ մեղավորներին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է հայտարարության մեջ:




























