Ադրբեջանում ընթացող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանի նկատմամբ «դատական գործընթացը» քաղաքականացված է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ իր անձնական կարծիքը հայտնելով գերու նկատմամբ մի շարք անհեթեթ մեղադրանքների վերաբերյալ:
«Դատաքննությունը ֆարսի է վերածվել: Գերուն երկարաժամկետ ազատազրկման դատապարտելու պահանջը նույնպես քաղաքականացված է եւ պրիմիտիվ պատասխան է ԼՂՀ տարածքում ադրբեջանցի դիվերսանտների դատապարտմանը»,-ընդգծել է Կապրիելյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների գործերով դատարանում կայացած «դատավարության» ժամանակ դատախազ Անար Միրքիշիեւը պահանջել է Արսեն Բաղդասարյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման, որը նա պետք է կրի խիստ ռեժիմի գաղութում:
ապճեպ սարքած գործի շրջանակներում ԼՂՀ քաղաքացուն դիվերսիայի մեղադրանք է առաջադրվել: Ադրբեջանի իշխանությունների գործողությունները պատասխան էին Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի կալանավորման եւ դատապարտման, որոնք ձերբակալվել էին զենքները ձեռքներին եւ դատարանում իրենց մեղքը չէին հերքել:
Միաժամանակ, Արսեն Բաղդասարյանի գործը միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտում է, քանի որ նրա ձերբակալման պահից, արդեն 6 ամիս թույլ չեն տալիս հանդիպել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ: Նա գերի է ընկել 2014-ի դեկտեմբերի 26-ին:




























