ԱՄՆ-ը դաշնային երկիր է, եւ մի քանի նահանգներ արդեն ճանաչել են ԼՂՀ անկախությունը, սակայն ԼՂՀ անկախության ճանաչումը միանգամից չի լինելու, այլ աստիճանաբար: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ամերիկյան դիտորդական առաքելության անդամ Ադրիս Բորգեասը՝ մեկնաբանելով ԱՄՆ հայտարարությունը, թե իրենք չեն ճանաչում ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունները:
«Ես արդեն տեսնում եմ ԼՂՀ աստիճանաբար ճանաչումը: կարելի է հպարտանալ, որ մի շարք ամերիկյան նահանգներ ճանաչել են Ղարաբաղի անկախությունը»,-ընդգծել է նա:
Ինչ վերաբերում է նրան, որ ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի զինված ուժերի շփման գծում լարվածության պայմաններում, Բորգեասը նշել է, որ այդ իրավիճակը շարունակվում է. «Շփման գծում ամեն անգամ լարվածություն է լինելու, երբ Ղարաբաղում ընտրություններ տեղի ունենան: Դրանով Ադրբեջանը փորձում է հայտարարել իր այսպես կոչված իրավունքների մասին»:
Հարցին, թե չի՞ վախենում, որ կարող է հայտնվել Ադրբեջանի տխրահռչակ «սեւ ցուցակում», ամերիկյան դիտորդական առաքելության անդամ Քարին մակդոնալդը հայտարարել է, որ ինքը արդեն վաղուց է այդ ցուցակում: «Ես երկրորդ անգամ եմ Ղարաբաղում: Մենք պրոֆեսիոնալ հետազոտողներ ենք: Չգիտեմ, թե ինչու է Ադրբեջանին թվում, որ նա կարող է թելադրել, թե ինչպես մենք աշխատենք»,-նշել է նա:



























