Իտալիայում հրատարակվել է գերմանացի գրող եւ հումանիստ, հայ եւ հրեա ժողովուրդների պաշտպան Արմին Վեգների կենսագրությունը: Գրքի հեղինակը Գաբրիել Նիսիմն է՝ Gardens of the Righteous Worldwide միջազգային իրավապաշտպան կազմակերպության հիմնադիրներից մեկը: Նշենք, որ կազմակերպության հիմնադիրներից է նաեւ իտալական հասարակական գործիչ Իտալիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պիետրո Քուչուքյանը: Նորահրատ գրքին անդրադարձել է իտալական Il Fatto Quotidiano պարբերականը:

«Երազող եւ անշրջահայաց դոնկիխոտ: Այդպիսին է Արմին Վեգները: Գերմանացի գրող եւ մարտնչող խաղաղասեր, Առաջին աշխարհամարտի ժամանակ կամավոր բուժեղբայր: Նա առաջինն էր, որ բացահայտորեն դատապարտեց հայերի կոտորածը (որին մասնակցում էր նաեւ Թուրքիայի դաշնակից գերմանական բանակը): Իսկ 20 տարի անց նա դարձավ այն քչերից մեկը, ով համարձակվեց բաց նամակ գրել Հիտլերին՝ նրան կոչ անելով դադարեցնել հրեաների հետապնդումները:

Հենց այդպես էլ՝ «Նամակ Հիտլերին» է կոչել Վեգների կենսագրությունը նրա կյանքից ոգեշնչված Գաբրիել Նիսիմը: Նրա համար որպես հիմք է ծառայել Յոհաննա Վերնիկե-Ռոտմայերի աշխատությունը, որը 1965 թվականին իր համար բացահայտել է հայտնի նամակն ու ծանոթացել դրա հեղինակի հետ: 1933 թվականին դրա հետեւանքով Վեգները ձերբակալվեց, հայտնվեց համակենտրոնացման ճամբարում, իսկ հետո երկրից փախուստի դիմեց: Այդ ժամանակ արդեն ոչ ոք չէր հիշում, որ Վեգները դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը:

Պարզվում է՝ Վեգները, որքան էլ ցնցված էր վայրագություններից, որքան էլ անընդհատ աչքի առջեւ տեսնում էր իր իսկ արած լուսանկարները, տարիներ շարունակ ստիպված էր լռել: Ավելին, Կոստանդնուպոլսից եւ այնտեղից վերադառնալու հետո գրած ակնարկներում եւ հոդվածներում նա գովանաբանում էր երիտթուրքերի հեղաշրջումը:

Միայն երեք տարի անց՝ 1918 թվականի նոյեմբերին Վեգները տեսածի մասին պատվեց Der Neue Orient-ին: «Մենք ամեն ինչ գիտեինք: Սակայն ստիպված էինք թաքցնել, քանի դեռ պատերազմ էր»,- գրել է նա:

15 տարի անց Հիտլերին ուղղված նամակը, հավանաբար, ծնվել է այն սարսափներից, որոնց ականատեսն էր նա եղել, եւ մեղքի զգացողությունից, որով նա ապրում էր որպես մեղսակից-երկրի զինվոր: Սակայն կնոջ՝ Լոլա Լանդաուի հանդեպ սերը գերիշխող է եղել եւ նրան համարձակություն հաղորդել՝ մարտահրավեր նետել ֆյուրերին: Վեգների կինը հրեա էր:

Երբ 1993 թվականի ապրիլի 1-ին նա տուն է վերադառնում՝ սարսափած խանութներին փակցրած «հրեաների մուտքն արգելված է» մակագրությունից եւ պահանջի իրականացմանը հետեւող զինվորականների արարքներից, Վեգները հասկանում է, որ արդեն չի կարող լռել: Նույն տարվա հուլիսի 20-ին նա նամակ է ուղարկում Հիտլերին: «Կգա մի օր, եւ 1933 թվականի ապրիլի 1-ն ու դրան հաջորդած շաբաթները կհիշվեն որպես մեղքի համար ամոթի ժամանակ»,- գրում է նա: Արդեն 1933 թվականին՝ զանգվածային տեղահանություններից եւ գազի խցիկներից շատ առաջ, Վեգները գրում է. «Պարոն Ռեյխի կանցլեր, պաշտպանեք Գերմանիան՝ պաշտպանելով հրեաներին»: